Դինամիկական համակարգ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Դինամիկական համակարգ (դասական իմաստով), ազատության վերջավոր թվով աստիճաններ ունեցող մեխանիկական համակարգ։ Այդպիսին է դասական դինամիկայի օրենքներով շարժվող վերջավոր թվով նյութական կետերի կամ պինդ մարմինների համակարգը։

Դինամիկական համակարգի վիճակը բնութագրվում է նրա դասավորությամբ, ընդ որում, շարժման օրենքը նշում է համակարգի վիճակի փոփոխման արագությունը։ Պարզագույն դեպքում համակարգի վիճակը կարելի է բնութագրել w1,w2,....,wm մեծություններով, որոնք կարող են ստանալ կամայական (իրական) արժեքներ, ընդ որում, երկու տարբեր w1,....,wm և w'1,....,w'm խմբերին համապատասխանում են համակարգի տարբեր վիճակներ և հակառակը։ Այն դեպքում, երբ wi-երը և w'i-ները մեծությամբ քիչ են տարբերվում, համակարգի համապատասխան վիճակները մոտ են և շարժման օրենքը գրվում է wi=fi(w1,....,wm) դիֆերենցիալ հավասարումների տեսքով, ուր i=1,2,....,m։ Դիտարկելով՝ w1,....,wm արժեքները որպես m չափանի տարածության w կետի կոորդինատներ, կարելի է համապատասխան դինամիկայի համակարգի վիճակը երկրաչափորեն ներկայացնել w կետով։ Այդ կետը և համապատասխան տարածությունը կոչվում են փուլային։ Ժամանակի ընթացքում համակարգի վիճակի փոփոխությունը պատկերվում է որպես փուլային տարածությունում կետի շարժում որևէ գծով (փուլային հետագիծ)։ Փուլային տարածությունում որոշվում է վեկտորական դաշտ, որը յուրաքանչյուր կետին համապատասխանության մեջ է դնում այդ կետից դուրս եկող և [f1(w1,....,wm),....,fm(w1,....,wm)] բաղադրիչներ ունեցող f(w) վեկտորը։ Այս նշանակումներով համակարգի շարժման օրենքը կարելի է կրճատ գրել w=f(w) տեսքով, ըստ որի, ժամանակի յուրաքանչյուր պահին, փուլային կետի շարժման վեկտորական արագությունը հավասար է f(w) վեկտորին, որը ելնում է փուլային տարածության այն w կետից, ուր տվյալ պահին գտնվում է շարժվող փուլային կետը։

«Դինամիկական համակարգ» տերմինը օգտագործվում է նաև ավելի լայն իմաստով՝ նշանակելով կամայական ֆիզիկական համակարգ (ավտոմատ կարգավորման, ռադիո-տեխնիկական համակարգ և այլն)։

Կաղապար:ՀՍՀ