Հոմոլոգիական շարքեր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Հոմոլոգիական շարքեր, օրգանական միացությունների խմբեր, որոնք ունեն քիմիական միանման հատկություններ և կառուցվածք, բայց տարբերվում են ածխաջրածնային ռադիկալի բաղադրության մեջ մտնող մեկ կամ մի քանի մեթիլենային խմբով։

Մեթիլենային խումբը (CH2) կոչվում է հոմոլոգիական տարբերություն։

  • Մեթանը (CH4),
  • էթանը (C2H6),
  • պրոպանը (C3H8) և այլն կազմում են (CnH2n+2) ընդհանուր բանաձևով հագեցած ածխաջրածինների (ալկանների),
  • էթիլենը (C2H4),
  • պրոպիլենը (C3H6),
  • բութիլենը (C4H8) և այլն,

՝ մոլեկուլում մեկ կրկնակի կապով (CnH10) ընդհանուր բանաձևով չհագեցած ածխաջրածինների (ալկենների) հոմոլոգիական շարքեր։

Հայտնի են նաև հագեցած միատոմ սպիրտների, հագեցած միահիմն թթուների հոմոլոգիական շարքեր, համապատասխանաբար՝ (CnH2n+1OH) և (CnH2n+1COOH) ընդհանուր բանաձևերով և այլն։

Հաճախ հոմոլոգիական շարքեր անվանում են ըստ շարքի առաջին անդամի (մեթանի հոմոլոգիական շարքեր, էթիլենի հոմոլոգիական շարքեր և այլն)։

Հատկություններ

Յուրաքանչյուր հոմոլոգիական շարքերի միացությունների (հատկապես միջին անդամների) համար բնորոշ է ֆիզիկական որոշ հատկությունների համեմատաբար օրինաչափ փոփոխություն։ Այսպես, հոմոլոգիական շարքերի միջին մասում հարևան անդամների (չճյուղավորված շղթայով միացությունների համար) եռման ջերմաստիճանների տարբերությունը մոտավորապես 20-25 °C է (հոմոլոգիական շարքերի բարձր անդամների մոտ այդ մեծությունն աստիճանաբար նվազում է)։ Օրինակ, ուղիղ շղթայով սպիրտները՝

  • նպրոպիլսպիրտը՝ (CH3CH2CH2OH),
  • նբուտիլսպիրտը՝ CH3(CH2)2CH2OH,
  • նամիլսպիրտը՝ CH3(CH2)3CH2OH,
  • նհեքսիլսպիրտը՝ CH3(CH2)4CH2OH,

եռում են համապատասխանաբար՝ 97, 4, 117, 7, 137, 8 և 157, 2 °C-ում։ Հոմոլոգիական տարբերության հետ կապված բաղադրության փոփոխությանը համապատասխանում է նաև մոլեկուլային ծավալի (մոտ 22), այրման ջերմության (150-160 կկալ), մոլեկուլային ռեֆրակցիայի (4, 6) հաստատուն աճ։

Իզոլոգիական շարքեր իրենց հասկացությամբ հոմոլոգիական շարքերին մոտ են իզոլոգիական և գենետիկական շարքերը։ Իզոլոգիական շարքերը հավասար թվով ածխածնի ատոմներ և ֆունկցիոնալ խմբեր պարունակող միացությունների խմբեր են, որոնք տարբերվում են իրենց չհագեցվածության աստիճանով։

Օրինակ՝ էթանի իզոլոգիական շարքը կազմում են՝

  • էթանը (CH3CH3),
  • էթիլենը (CH2=CH2),
  • ացետիլենը (CH=CH)։

Իզոլոգիական շարքեր են առաջացնում նաև ալիցիկլիկ և հեաերոցիկլիկ միացությունները, օրինակ՝ ցիկլոհեքսենը, ցիկլոհեքսադիենը, բենզոլը։

Գենետիկական շարքերը հավասար թվով ածխածնի ատոմներ պարունակող օրգանական միացությունների խմբեր են, որոնք ունեն տարբեր ֆունկցիոնալ խմբեր։

Օրինակ, էթանի գենետիկական շարքը կազմում են՝

  • էթանը (CH3CH3),
  • էթիլքլորիդը (CH3CH2Cl),
  • էթիլսպիրտը (CH3CH2OH) և այլն։

Կաղապար:ՀՍՀ