Հողի բուֆերականություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Հողի բուֆերականություն, հողի հատկություն, որով կանխվում է թթուների և հիմքերի ազդեցությունից առաջացող նրա ռեակցիայի ph փոփոխությունը։

Հողի բուֆերականությունը, նրա բնույթն ու աստիճանը հիմնականում կախված են պինդ ֆազից և կոլոիդների դիսպերսման աստիճանից, ինչպես նաև կլանված կատիոններից։ Կավով և հումուսով հարուստ հողերում հողի բուֆերականությունը ուժեղ է արտահայտված։ Ավազուտ հողերի բուֆերականության աստիճանը ցածր է։ Հողի կլանող համալիրում H+ իոնի առկայության դեպքում ուժեղ է հիմքերի, իսկ Ca++, Mg++, Na+ իոնների մեծ կոնցենտրացիայի դեպքում՝ թթուների նկատմամբ։ Վերջինս պայմանավորված է հողին ավելացված H+ իոնների փոխանակմամբ կլանող համալիրի հիշյալ իոններով։

Հողի լուծույթի բուֆերականությունը պայմանավորված է ալկալիական և հողալկալիական մետաղների կարբոնատներով, ֆուլվատներով և ֆոսֆատներով։ Մթնոլորտային տեղումները, գրունտային և ոռոգման ջրերը կարող էին փոփոխել հողի ռեակցիան, եթե վերջինս չունենար բուֆերականություն։ Հողի ռեակցիայի փոփոխության նկատմամբ բույսերի զգայունության պատճառով հողի բուֆերականությունը մեծ դեր է խաղում նրանց աճի և զարգացման վրա։ Հանքային պարարտանյութեր օգտագործելիս անհրաժեշտ է հաշվի առնել հողի բուֆերականությունը։ Բուֆերականությունը կարելի է ավելացնել օրգանական պարարտանյութերի գործածումով։

Կաղապար:Հողագիտություն-անավարտ Կաղապար:ՀՍՀ