Էթիլացետատ
Էթիլացետատ (քացախաթթվի էլիլէսթեր) СН3−СОО−CH2−CH3՝ սուր հոտով, անգույն, ցնդող հեղուկ է։
Ֆիզիկական հատկություններ
Անգույն, բնորոշ սուր հոտով հեղուկ է։ Մոլային զանգվածը 88,11 գ/մոլ է, հալման ջերմաստիճանը −83,6 °C, եռման ջերմաստիճանը 77,1 °C, խտությունը 0,9001 գ/սմ³, n204 1,3724: Լուծելիությունը ջրում 12 % է (ըստ զանգվածի)։ Լուծվում է էթանոլում, դիէթիլ էսթերում, բենզոլում, քլորոֆորմում։ Առաջացնում է երկկոմպոնենտ խառնուրդներ՝ ջրի (70,4 °C-ում ըստ զանգվածի 8,2 % ջուր է պարունակում), էթանոլի (71,8; 30,8), մեթանոլի (62,25; 44,0), իզոպրոպանոլի (75,3; 21,0), CCl4 (74,7; 57), ցիքլոհեքսանի հետ (72,8; 54,0) և եռկոմպոնենտ խառնուրդ՝ ջրի և էթանոլի հետ (70,3 °C-ում, խառնուրդի բաղադրությունն ըստ զանգվածի այսպիսին է՝ էթիլացետատ 83,2%, ջուր 7,8%, էթանոլ 9 %)[1]:
Ստացում
Էթիլացետատը ստացվում է էթանոլի և քացախաթթվի անմիջական փոխազդեցությունից (Էսթերացման ռեակցիա)։
Լաբորատորիայում էթիլացետատը ստացվում է էթիլ սպիրտի ացետատացումից՝ ացետիլքլորիդի կամ քացախաթթվի անհիդրիդի միջոցով։
Էթիլացետատի ստացման արդյունաբերական եղանակը ընթանում է հետևյալ փուլերով.
- Էթիլի սպիրտի, քացախաթթվի և ծծմբական թթվի թորում։
- Կետենով (կարբոմեթիլեն, էթենոն) էթիլ սպիրտի մշակում։
- Էթիլ սպիրտի դեհիդրատացիա բարձր ջերմաստիճանում, ճնշման տակ[2]։
- Տիշչենկոյի ռեակցիա՝ էթիլացետատի ստացումը ացետալդեհիդից ալյումինի ալկոհոլյատի առկայությամբ։
Կիրառություն
Էթիլացետատը լայնորեն կիրառվում է որպես լուծիչ՝ ցածր գնի, քիչ թունավորության, և տանելի հոտի շնորհիվ։ Որոշ լուծիչների՝ պոլիուրետանի, նիտրոցելյուլոզի, ացետիլցելյուլոզի, ճարպերի, ոսկերի նման կիրառվում է տպագրական տախտակները մաքրելու համար։ Էթիլացետատի և սպիրտի խառնուրդը կիրառվում է արհեստական կաշվի արտադրությունում։ 1986 թվականին էթիացետատի տարեկան համաշխարհային արտադրությունը կազմել է 450-500 հազար տոննա, իսկ 2014 թվականին՝ 3,5 միլիոն տոննա։
Միջատաբանության (էնտոմոլոգիա) մեջ կիրառվող ամենատարածված միջատասպան թույներից մեկն է։ Էթիլացետատի գոլորշու մեջ սպանված միջատներն ավելի փափուկ և հեշտ մշակվող են դառնում, քան քլորոֆորմի գոլորշիում մշակվածները։
Ունենալով մրգային հոտ հանդիսանում է մրգային էսենցիայի բաղադրիչ։ Գրանցված է որպես սննդային հավելում E1504 (բուրահաղորդիչ)։ Ավելացվում է օղու բաղադրության մեջ (կամ էլ առաջանում է էթիլ սպիրտի մեջ քացախաթթու կամ քացախաթթվի աղեր ավելացնելիս) սպիրտի համը և հոտը մեղմելու համար[3]։
Լաբորատոր կիրառություն
Էթիլացետատը հաճախ կիրառվում է լուծազատման, ինչպես նաև քրոմատոգրաֆիայի մեջ։ Որպես լուծիչ հազվադեպ կիրառվում է այն ռեակցիաներում, որոնք հակված են հիդրոլիզվելու և տրանսէստերիֆիկայի։
Կիրառվում է ացետոքացախաթթվական էսթերի ստացման մեջ[4]։
Մաքրում և չորացում
Վաճառվող էթիլացետատը պարունակում է ջուր, սպիրտ և քացախաթթու։ Այս խառնուրդներից ազատվելու համար նախ լվանում են հավասար քանակությամբ 5 %-անոց նատրիումի կարբոնատի լուծույթով, չորացնում կալցիումի քլորիդով, ապա թորում են։ Խոնավությունից պաշտպանելու համար էթիլացետատը մշակում են ֆոսֆորական թթվի անհիդրիդով, ֆիլտրում և թորում են։ Մոլեկուլային մաղի միջոցով ջրի պարունակությունը կարելի է նվազեցնել մինչև 0,003%։
Աշխատանքի անվտանգություն
Աշխատանքային տարածքի օդում էթիլացետատի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 50 մգ/մ3 է (միջին 8 ժամյա աշխատանքային օրվա համար և առավելագույնը 200 մգ/մ3 մեկ անգամվա համար)[5]։ Սակայն որոշ տվյալների համաձայն հոտի ընկալումը մի խումբ մարդկանց մոտ միջինում կարող է հասնել օրինակ 1120 մգ/մ³[6]: Առանձին մարդկանց մոտ այն կարող է լինել ավելի բարձր քան միջին ցուցանիշը։ Էթիլացետատից պաշտպանվելու համար պետք է ընտրել ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ և կոլեկտիվ անվտանգության մեթոդներ։
Մկների համար LD50-ը 11,6 գ/կգ է, ցուցաբերելով ցածր թունավորություն։ Էթիլացետատի գոլորշիները գրգռում են աչքի լորձաթաղանթը և շնչառական ուղիները։ Մաշկի վրա ազդելիս առաջացնում է մաշկաբորբ (դերմատիտ) և էկզեմա։ Աշխատավայրում օդում էթիլացետատի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 200 մգ/մ3 է, բնակեցված տարածքում՝ 0,1 մգ/մ³[7]:
Բոցավառվում է — 2 °C-ում, — 400 °C-ում ինքնաբոցավառվում է, օդում էթիլացետատի գոլորշու պայթյունի դեպքում ԹՍԿ-ն կազմում է 2,1—16,8 % (ըստ ծավալի)։
Տեղափոխելիս պահպանել անվտանգության կանոնները համաձայն ADR (ADR) վտանգի դաս 3-ին, ՄԱԿ-ի 1173 գրանցման կոդին։
Գրականություն
- ГОСТ 8981-78 «Эфиры этиловый и нормальный бутиловый уксусной кислоты технические. Технические условия». (С изменениями № 1, 2, 3, 4).
Ծանոթագրություններ
Կաղապար:ԾանցանկԿաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ
- ↑ Կաղապար:Ռուսերեն գիրք
- ↑ Меньщиков В. А., Семенов И. П. Разработка процесса получения этилацетата дегидрированием этанола // Катализ в промышленности, № 5, 2012. — с. 32-36.
- ↑ Ильина Е. В., Макаров С. Ю., Славская И. Л. Технология и оборудование для производства водок и ликёроводочных изделий Կաղապար:Webarchive // Учебное пособие — М.: ДеЛи плюс, 2013. — 492 с. ISBN 978-5-905170-40-9 С. 24, 27, 92, 102—104, 118.
- ↑ Органикум. Том 2. Москва, Мир, 1992, с. 180.
- ↑ Կաղապար:Ռուսերեն գիրք
- ↑ Կաղապար:Ռուսերեն հոդված
- ↑ Предельно допустимые концентрации (ПДК) загрязняющих веществ в атмосферном воздухе населенных мест