Կառնոյի ցիկլ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Կառնոյի ցիկլ

Կառնոյի ցիկլ, դարձելի շրջանային պրոցես (ցիկլ), որի ընթացքում ջերմությունը փոխակերպվում է աշխատանքի (կամ հակառակը), կազմված է երկու իզոթերմ պրոցեսից և երկու ադիաբատ պրոցեսից։ Առաջինը դիտարկել է Ն. Լ. Ս. Կառնոն 1824 թվականին՝ իբրև ջերմային շարժիչի իդեալական աշխատանքային ցիկլ։ Ջերմության փոխակերպումը աշխատանքի ուղեկցվում է ջերմության որոշակի քանակի փոխանցումով (շարժիչի բանող մարմնի միջոցով) առավել տաք մարմնից (ջեռուցիչ) պակաս տաք մարմնին (սառնարան)։ Կառնոյի ցիկլը pV (ճնշում-ծավալ) փոփոխականների դեպքում պատկերված է նկարում։ Ցիկլի ընթացքը հետևյալն է. AB պրոցեսում բանող մարմինը (գազ, գոլորշի և այլն) ջերմային հպման միջոցով T1 ջերմաստիճանի ջեռուցիչից ստանում է ջերմության Q1 քանակ, ընդարձակվում VA-ից մինչև VB և աշխատանք կատարում։ BC պրոցեսում ջեռուցիչի հետ հպումը վերանում է, բանող մարմինը դանդաղ ընդարձակվում է VB-ից VC և սառչում T1-ից մինչև T2։ Այնուհետև VC ծավալ և T2 ջերմաստիճան ունեցող բանող մարմինը ջերմային հպման մեջ է դրվում T2 (<T1) ջերմաստիճանի սառնարանի հետ և դանդաղ սեղմվում VC-ից մինչև VD (CD պրոցես), որի հետևանքով սառնարանին է տրվում ջերմության Q2 քանակ։ D-ին համապատասխանող վիճակում ջերմային հպումը սառնարանի հետ վերանում է, և բանող մարմինը սեղմվում է VD-ից մինչև VA, որի հետևանքով նրա ջերմաստիճանը T2-ից դառնում է T1 (DA պրոցես)։ Համաձայն թերմոդինամիկայի առաջին սկզբունքի, ABCDA պրոցեսում կատարված աշխատանքը՝ A= Q1Q2 (նկարի վրա՝ ABCD պատկերի մակերեսը)։ Կառնոյի ցիկլի օգտակար գործողության գործակիցը՝ η=AQ1=1T2T1։ Այս բանաձևից հետևում է, այսպես կոչված՝ Կառնոյի թեորեմը. Կառնոյի ցիկլի օգտակար գործողության գործակիցը կախված չէ բանող մարմնի հատկություններից և որոշվում է միայն ջեռուցիչի և սառնարանի ջերմաստիճաններով։ Միևնույն ջեռուցիչի և սառնարանի միջոցով իրականացվող բոլոր հնարավոր դարձելի ցիկլերից Կառնոյի ցիկլն ունի ամենամեծ օգտակար գործողության գործակիցը։ Պատմականորեն Կառնոյի ցիկլը կարևոր դեր է կատարել թերմոդինամիկայի և ջերմատեխնիկայի զարգացման գործում։ Այն էապես նպաստել է թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի հիմնավորմանը։ Կառնոյի ցիկլը օգտագործվել է ջերմաստիճանների բացարձակ թերմոդինամիկական ցուցնակի որոշման համար։

Կաղապար:ՀՍՀ